19 մայիսի 2009 - 19:00 AMT
Եվրատեսիլ 2009. Ադրբեջանում քվեարկել են Հայաստանի ներկայացուցիչների օգտին
Ադրբեջանում Եվրատեսիլ 2009 եզրափակչին քվեարկել են Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է գերմանական Digame mobile ընկերության` ձայների հաշվարկով զբաղվող ներկայացուցիչ Թոմաս Նիդերմայերը: Միաժամանակ նա հայտարարեց, որ իրավունք չունի ասել Ադրբեջանից եկած ձայների հստակ քանակը:

Նա նաեւ հայտնեց, որ ընկերությունը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունից տեղեկություն է ստացել այն մասին, որ Եվրատեսիլ 2009 եզրափակիչի հեռարձակման ժամանակ հեռախոսահամարը ցուցադրող էկրանի հատվածը, որով հեռուստադիտողները կարող էին քվեարկել հայ մասնակիցների օգտին, փակ է եղել: Թոմաս Նիդերմայերի խոսքերով, տվյալ պահին այդ տեղեկատվությունը ստուգվում է:

Digame ընկերությունը գերմանակն T-Mopile հսկայի ենթաբաժանմունքն է եւ լայնամասշտաբ հեռախոսային եւ SMS-քվեարկության կազմակերպման ծառայություններ է առաջարկում: