ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը, որն առնչվում էր գործադուլ անող ավտոբուսների վարորդներին։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, տեղեկացնում է Factor.am-ը։
Գրիգորյանը դեկտեմբերի 3–ին հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին։
«Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննությամբ պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- պարզաբանել էր Գրիգորյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույն օրը տեղեկացրել է, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ Քաղաքային իշխանությունը ոչ թե գործադուլ, այլ շանտաժ է որակում վարորդների բողոքը։ Դեկտեմբերի 4–ի առավոտյան քաղաքապետարանը հայտնել է, որ տրանսպորտն աշխատում է բնականոն հունով՝ միաժամանակ հայտարարելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին, նշել էր, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն: