19 մայիսի 2009 - 23:44 AMT
Կիպրոսը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումը կարող է ավելի խթանել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց միջազգային կառույցներում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Դեսպան Կեսթորասն ընդգծեց, որ Կիպրոսը շահագրգիռ է տարբեր բնագավառներում Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ, ինչին կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար` դեսպանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու կիպրական կողմի ակնկալիքները: Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: