Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստի շրջանակում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներԱրարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում չի եղել։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրում են, որ դա տեղի չի ունեցել, քանի որ «Բաքուն կտրականապես դեմ է արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին»։
«Ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է հանդիպում անցկացնելու վերաբերյալ Բլինքենի առաջարկից, քանի որ Բայդենի վարչակազմն անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի հարցում», գրում է APA–ն՝ իր դիվանագիտական աղբյուրին հղումով։
Նշվում է, որ ԱՄՆ–ն այժմ չի մասնակցում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացին, իսկ պետքարտուղար Բլինքենն այդ նախաձեռնությամբ մտադիր էր ներգրավել ԱՄՆ–ին այդ գործընթացում։
«Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ ԱՄՆ–ն մասնակցի խաղաղության օրակարգին, դա չի համարում նպատակահարմար»,–ասել է դիվանագիտական աղբյուրը՝ նշելով, որ Բաքուն ընդհանրապես հրաժարվում է ԱՄՆ միջնորդությունից։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Անի Բադալյանն ասել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։