Պենտագոնի մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը մանրամասներ է հայտնել Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Լլոյդ Օսթինի հանդիպումից։ Նշվում է, որ սա առաջին նման հանդիպումն է վերջին երկու տասնամյակում։
«Պաշտպանության քարտուղար Օսթինը և նախարար Պապիկյանը վերահաստատել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու մեր ընդհանուր նպատակը։ Նրանք քննարկել են նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա ջանքերը, ինչպիսիք են ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալացումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերապատրաստումը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Factor.am-ը։
Մեկ այլ հաղորդագրությամբ էլ Պենտագոնը նշել է, որ երկու ղեկավարը հանդիպել են՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, որոնք ներառում են Հայաստանի Պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի երկարամյա գործընկերությունը:
«Ձեր այցը պատմական է։ Հայաստանն իր ձեռքը մեկնեց Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ այստեղ»,- ասել է Օսթինը՝ ողջունելով հայ գործընկերոջը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ինքնիշխան, անկախ և բարգավաճ Հայաստանին, և որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները շարունակում են մերձենալ։ Օսթինը կարևորել է Կանզասի ազգային գվարդիայի դերը Հայաստանին պաշտպանական բարեփոխումների օրակարգն առաջ մղելուն օգնելու գործում:
Այս ամառ ԱՄՆ-ը և Հայաստանն ավարտել են Eagle Partner երկրորդ զորավարժությունը, որոնք ուղղված են խաղաղապահ գործողությունների ընթացքում երկու երկրների փոխգործունակության և պատրաստվածության ամրապնդմանը: Օսթինը նաև հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է անվտանգության առանցքային օգնություն, որն օգտագործվում է զրահապատ շտապօգնության մեքենաների, կիբերանվտանգության գործողությունների կենտրոնի և ազգային ուսումնական կենտրոնի համար։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է պահպանել հարաբերությունների ամրապնդման թափը և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«Մեր զորքերը ծառայել են ուս ուսի տված Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ժամանակ, և մենք շարունակում ենք միասին աշխատել ՆԱՏՕ-ում Կոսովոյի ուժերում: Սա մեր առաջին հանդիպումն է, և մենք ունենք լիարժեք օրակարգ։ Ես անհամբեր սպասում եմ՝ լսելու Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ ձեր տեսլականի և Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների մասին»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը հանդիպման մեկնարկին։
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։