2024 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 6%-ով: Այդ մասին, ամփոփելով 2024 թվականը, հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 1,926,405 զբոսաշրջիկ: Գրեթե կեսը ՀՀ են ժամանել Ռուսաստանից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեզ մոտ աննշան անկում է նկատվում, սակայն մինչև տարեվերջ ակնկալում ենք 2․1 մլն զբոսաշրջիկ», - ասել է Գևորգյանը:
Ավելի վաղ Գևորգյանն ասել էր, որ նվազումը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` ներքաղաքական իրավիճակից մինչև զբոսաշրջիկների համար բնակարանների չարդարացված թանկ գներ։
Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):