7 դեկտեմբերի 2024 - 16:31 AMT
Գյումրիում վերաօծվել է Սբ Ամենափրկիչ եկեղեցին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Տաճարի վերաօծման առիթով նախ իր խոսքը հղել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Հայրապետական բարձր ներկայությամբ մեր այս ուրախալի օրվա առիթով: Դեկտեմբերի 7-ը մեզ համար սգո օր էր՝ 36 տարի շարունակ: Այսօր՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումով, Ձեր հայրապետական ներկայությամբ, մենք հաստատում ենք, որ Գյումրին վերածնվում է, վերածնված է: Այս եկեղեցին վկայում է, որ քաղաքը չմեռավ, քանի որ հավատում էր իր Տիրոջ հարության հրաշքին: Եվ ահա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցմամբ, վերաօծմամբ ու վերաբացմամբ մենք փակել ենք սգո էջը մեր քաղաքի պատմության մեջ՝ չմոռանալով անմեղ զոհերին: Այս եկեղեցին՝ որպես աղոթող հուշարձան, իր ոգեղենությամբ փակում է սգո էջը և բացում հարության էջը»,- իր խոսքում նշել է թեմակալ առաջնորդը:

Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն է ասել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերօծման արարողությունը: Մեր հոգիները, որոնք կրում են ողբալի իրադարձության վիշտն ու դեպքերը, եկեղեցու վերականգնման առիթով ուրախալի զգացմունքներով են պարուրվում՝ որպես առհավատչյան նաև այսօրվա մեր նեղությունների ու խնդիրների հաղթահարման: Մեր ազգի խաղաղ առաքելությամբ տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդն իր աշխատանքով ու բարեկամ ժողովուրդների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ առավ: Խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ:

Այսուհետ Տիրոջ ողորմությամբ և ձեր աղոթական մասնակցությամբ վերսկսվելու են աստվածապաշտական արարողությունները այս սուրբ եկեղեցու հարկի ներքո: Միշտ հիշե՛ք նվիրումի ու առ Աստված հավատքի շնորհիվ կառուցվող ու վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր»,–ասել է կաթողիկոսը։

Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվեց Սուրբ պատարագ:

Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր: 1988 թվականի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Երկրաշարժը 25,000 մարդու կյանք խլեց և անօթևան թողեց մոտ կես միլիոնի։ Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից զոհված կամ կենդանի հանվել է ավելի քան 45,000 մարդ, հոսպիտալացվել ` 12,500 մարդ: