Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց:
«Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Նա նշել էր, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում և դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ: Ըստ նրա՝ բոլոր գործողություններն իրավապահ համակարգում անելուց, բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է նաև որոշակի նախնական արդյունքներ տեսնենք։