Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ
Առաջարկվում է մինչև 300,000 դրամ տրամադրվող վարկով ձեռք բերել սիրողական դասի հեծանիվ: Վարկի մարման ժամկետն է մինչև 120 ամիս, սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 36 ամիս:
Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչպես նաև դաշտում կա հետաքրքրություն նման նախաձեռնության իրականացման շուրջ։