ՀՀ–ում նախատեսվում է մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր մեկնարկել։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Ծրագրի հաստատումը պայմանավորված է պետական և մասնավոր թատրոնների միջև ազատ մրցակցությունը խթանելու, վերջինների գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու և բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ։
Ակնկալվում է, որ ծրագրի կիրարկումը կնպաստի Հայաստանում մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությանը:
Մասնավոր թատրոններին տրամադրվելիք աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ թատերական ենթակառուցվածքների՝ ազատ բեմական տարածքների, փորձատեղերի և այլ բաղադրիչների տրամադրման ձևաչափով։
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի շահառուներն են ՀՀ–ում գործող և պետության կամ համայնքների կողմից չստեղծված նորարարական և փորձարարական թատերական գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։