17 դեկտեմբերի 2024 - 16:44 AMT
Բաքուն ԼՂ ղեկավարների գործով Երևանին «գործակցելու» կոչ է արել՝ նշելով, թե «կասկածյալներ» կան նաև ՀՀ տարածքում

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան, հայտնում է APA-ն։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պետական մարմիններին դիմել է «համագործակցելու» առաջարակով այդ գործի շրջանակում՝ հայտարարելով, թե «կասկածյալներ» կան նաև ՀՀ տարածքում։

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, առաջնորդվելով նրանով, որ նշված դրվագներով կասկածվող բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաներ, գտնվում են ՀՀ տարածքում, հրավիրում է Հայաստանի համապատասխան մարմիններին համագործակցության», - ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերին Ադրբեջանի դատարանը երկարաձգել էր Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների կալանքի ժամկետը:

Դեկտեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ մոտ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը, հայտնել է նրա պաշտպանական թիմը: