17 դեկտեմբերի 2024 - 18:04 AMT
Նախարար․ Ցանկալի է, որ ՀՀ–ում հունական կապիտալի ներկայացվածությունն ընդլայնվեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսի հետ Երևանում հանդիպմանը նշել է, որ ցանկալի կլիներ, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ընդլայնվեր ՀՀ–ում։

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։

Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, առողջապահության, թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և գիտության, որակի ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

«ՀՀ և Հունաստանի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերը դարձել են կարևոր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և ուղենշել համագործակցության նոր ոլորտներ, մշակել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մեր երկրների ներուժի բացահայտմանը: Այս համատեքստում մենք կցանկանայինք, որպեսզի հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

«Հայաստանից Հունաստան հիմնականում արտահանվում է ալյումինե փայլաթիթեղ և փոքր քանակությամբ այլ պատրաստի արտադրանքներ: Իսկ ներմուծվում են նավթամթերքի դասին պատկանող որոշ պատրաստի ապրանքներ: Ցավոք, դեռևս Հունաստանից Հայաստան ներմուծումն էականորեն գերազանցում է Հայաստանից դեպի Հունաստան արտահանմանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը հիշեցրել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ցավոք, իրենց երկրորդային ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա: Դեպի ԵՄ արտահանման համար GSP+ արտոնյալ համակարգից զրկվելը ևս իր բացասական ազդեցությունն է ունեցել: «Նպատակն է ունենալ կայուն աճ, այսինքն՝ Հայաստան-Հունաստան առևտրաշրջանառության շարունակական աճ՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով»,-ասաց Պապոյանը:

Ֆրագկոյանիսի գնահատմամբ՝ Հայաստանի և Հունաստանի միջև այսօր ձևավորված են շատ կարևոր փոխհարաբերություններ, որոնք վերջին տարիների ընթացքում էլ ավելի են խորացել: Նա ներկայացրեց հունական կողմի շահագրգռվածությունը՝ նպաստելու առևտրաշրջանառության մեծացմանը, ինչպես նաև ներդրումներին, երկու երկրների կապերի ամրապնդմանը:

Նա նշել է, որ եթե Հայաստանն ընտրի եվրոպամետ քաղաքականությունը, ապա Հունաստանն ամբողջությամբ աջակցելու է դրան: Փոխնախարարը վստահեցրեց, որ Հունաստանը միշտ կանգնած է Հայաստանի կողքին՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը հարաբերությունների միջև նոր կետ կլինի: