20 մայիսի 2009 - 20:14 AMT
Կիպրոսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հարցում
Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված մեծ հարգանքը միմյանց նկատմամբ: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ մեծապես կնպաստի, որպեսզի հարուստ ավանդույթներ ունեցող հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները շարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Դեսպան Կեսթորասը նախագահ Սարգսյանին հաղորդել է Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի ջերմ ողջույնները: Դիվանագետն ընդգծել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Կիպրոսի ցանկությունը:

Կողմերը հայ-կիպրական հարաբերությունները գնահատել են գերազանց եւ համաձայնել, որ դրանք ունեն փայլուն ապագա: Նրանք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների համագործակցությանը բնորոշ գիծ են համարել փոխադարձ աջակցությունն ու օգնությունը:

Հանրապետության նախագահն ու դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Կիպրոսը փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում:

Դեսպան Կեսթորասը շնորհակալություն է հայտնել միջազգային տարբեր ատյաններում Կիպրոսի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար: Նա ներկայացրել է նաեւ խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Դիվանագետի խնդրանքով նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Դեսպան Կեսթորասը վստահեցրել է, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի ամրապնդման համար: