26 դեկտեմբերի 2024 - 12:27 AMT
Զախարովա․ ԵԱՀԿ ՄԽ–ն ենթակա է լուծարման

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ղբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ենթակա է լուծարման։

Ըստ նրա՝ Բաքուն ու Երևանը կարող են համատեղ նախաձեռնել այդ կառույցի լուծարումը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը։ Հետևաբար, բոլոր համապատասխան կառույցները՝ Մինսկի խումբը, Պլանավորման բարձր մակարդակի խումբը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ այս դեպքում օպտիմալ ուղին կլինի Երևանի և Բաքվի համատեղ առաջարկը նշված ինստիտուտները լուծարելու համար»,–ասել է նա։

Նա նշել է նաև, որ ամեն ինչ սկսվեց Արևմուտքի կողմից այդ կառույցի գործունեության արգելափակումից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ–ն ու Ֆրանսիան դադարեցրեցին շփումը ՌԴ համանախագահի հետ 2022–ի փետրվարին և արեցին դա իրենց նախաձեռնությամբ։ Այդ շփման դադարեցումը, ՀՀ կողմից Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը, ինչն արվեց ՀՀ–Ադրբեջան–ԵՄ–Ֆրանսիա գագաթնաժողովից հետո, որն անցավ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում, իրավիճակի արմատական փոփոխությունը գետնի վրա 2023–ի սեպտեմբերին, հանգեցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը»,–ասել է նա։

ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու պահանջ է հնչում նաև Բաքվից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։