26 դեկտեմբերի 2024 - 12:59 AMT
Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահը․ Խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում։ Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20–ին էր ազատել Գևորգյանին Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ի պաշտոնից։ Գևորգյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 17-ից։ Մինչև այդ Գևորգյանը զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։

Գևորգյանն Աբովյանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականին ԲՀԿ-ի ցուցակով։ Վահագն Գևորգյանը 4 տարի անց վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում, բայց այս անգամ որպես անկուսակցական թեկնածու։ Վահագն Գևորգյանը եղել է նաև ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը։

Վահագն Գևորգյանին 2020 թվականին մեղադրանք էր առաջադրվել։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին։ Աբովյանի քաղաքապետը, ըստ առաջադրված մեղադրանքի, պաշտոնեական անփութություն է դրսևորել ու թույլատրել է 2240 մետր մակերեսով հողամաս զավթել։ Բացի այս մեկից, Գևորգյանին առնչվող այլ քրեական գործեր էլ էին եղել, որոնք, սակայն, բոլորը կարճվել էին։