«Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանը «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»։
Նա նշել է, որ այդ անձանց մոտ 1500 դրվագով մեղադրաքներ են առաջադրվել, քրեական գործերը փոխանցվել են դատարան, 15-30 օրվա ընթացքում դատարանը պետք է նախնական նիստ նշանակի ու սկսի գործընթաց, հայտնում է Panorama.am-ը։
«Կարևոր է փաստել, որ 2020 թվականից ի վեր մենք արձանագրում ենք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերավերմունքը ու դատավարությունները և միանաշանակ է, որ արդար դատաքննության իրավունքի որևէ երաշխիք չի ապահովվում։
Հայրենադարձված գերիների և քաղաքացիական անձանց հետ հարցազրույցները փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրված անվճար փաստաբանները, հանրային պաշտպանները որևէ աջակցություն, փաստացի որևէ արդյունավետ պաշտպանություն չեն իրականացնում։ Եթե լինում են հանդիպումներ, ձևական բնույթ են կրում»,- ասել է Մելիքյանը։
Դեկտեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ մոտ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը, հայտնել է նրա պաշտպանական թիմը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պետական մարմիններին դիմել է «համագործակցելու» առաջարակով այդ գործի շրջանակում՝ հայտարարելով, թե «կասկածյալներ» կան նաև ՀՀ տարածքում։