Բաքուն հայտարարել է, թե պատրաստ էր փոխանցել Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը հայկական կողմին հոկտեմբերի 29–ին կամ 30–ին, բայց «ՀՀ–ն չի արձագանքել», գրում է Haqqin.az-ը։
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհետ կորած քաղաքացիներ հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ «եթե մինչև 2025–ի հունվարի ավարտը հայկական կողմը չվերցնի Ստեփանակերտում մնացած և հետո մահացած կնոջ դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում»։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե պաշտոնական խնդրանք է հասցեագրվել Կարմիր խաչին հանգուցյալի մարմինը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ և որ Ադրբեջանը «բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարել է՝ ներկայացնելով մահվան մասին վկայականը, բոլոր փաստաթղթերը, որոնք թարգմանվել են անգլերեն և հաստատվել նոտարի կողմից»։
Նշվում է նաև, որ մարմինը փոխանցվելու էր Լաչինի անցակետով՝ ԿԽՄԿ միջնորդությամբ, սակայն «հակառակ կողմից պատասխան չի եղել»։
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունից զերծ են մնացել տեղեկությունը հաստատել կամ հերքելուց՝ նշելով, որ իշխանությունների անունից չեն կարող որևէ բան ասել, միևնույն ժամանակ, ընդգծել են, որ ինչպես ավելի վաղ ասել էին՝ պատրաստակամ են աջակցելու որևէ լուծում գտնելու պարագայում, հայտնում է «Փաստինֆոն»։
70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։