Գլենդելում հայտարարվել է արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ։ Քաղաքապետ Էլեն Ասատրյանը ֆեսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածել քաղաքացիների համար հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։
Նա հրապարակել է տեղեկատվական թերթիկներ, թե տարհանվելիս առաջին անհրաժեշտության ինչ փաստաթղթեր ու պարագաներ է անհրաժեշտ վերցնել։
Նշվել է, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար»,–գրել է նա։
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։ Կրակն արագորեն տարածվում է ուժեղ քամիների պատճառով, որը հատկապես բնորոշ է օվկիանոսամերձ հատվածներին։ Հայերի թվում մարդկային կորուստներ չկան, բայց կան շատերն, ովքեր կորցրել են իրենց տները։ Հիմնահատակ այրվել է Փասադենայի հայկական վարժարանը։