14 հունվարի 2025 - 19:33 AMT
ԵՄ խոսնակ․ ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը կարևորել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։

ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները, հայտնում է Արմենպրեսը։

Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ԵՄ–ն պատրաստվում արձագանքել այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։

«ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։

ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»,–ասել է Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ ԼՂ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։

«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ»,–ասել է նա։

Հիփերն արձագանքել է նաև այն դիտարկմանը, որ Ալիևի հայտարարությունները խարխլում են ԵՄ-ի վստահելիությունը որպես միջնորդ Հարավային Կովկասում և սպառնում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղուն։

«ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ և անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։

ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ և հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ»,–ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։