21 մայիսի 2009 - 17:28 AMT
Հայաստան է ժամանում Խորվաթիայի նախագահը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը: Սա Խորվաթիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացումը: Մայիսի 22-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստեֆան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր: Հայաստանի եւ Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Ստեֆան Մեսիչը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Խորվաթիայի նախագահը կայցելի նաեւՄեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում: Երեւանի պետական համալսարանում Ստեֆան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաեւ Մատենադարանում: Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից: