21 մայիսի 2009 - 23:29 AMT
Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը կտրամադրվի 30 մլն դոլար
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի եւ հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 11-ի «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009թ. ծրագիրը հաստատելու մասին» N 1480-Ն որոշման հավելվածում, այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, «Այս որոշումն ունի նաեւ հեռահար նպատակ: Ստանալով ռուսական վարկը, մտադիր ենք զգալի հատկացումներ կատարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Դուք տեղյակ եք, որ մենք ՀԲ-ի հետ բանակցում էինք, եւ մեր պահանջարկը ՓՄՁ-ի համար կազմում էր 250 մլն դոլար: Անցյալ տարի շուրջ 15 մլրդ դրամ հատկացրինք ՓՄՁ-ին, այս տարի ԱԺ-ն վավերացրեց մեր համաձայնագիրը ՀԲ-ի հետ` եւս 50 մլն դոլար տրամադրվեց: Ահա այժմ ռուսական վարկից նույն նպատակին կհատկացվի շուրջ 30 մլն դոլար: Միջոցներ են հատկացվելու նաեւ հիպոթեքային հիմնադրամին: Հուսով ենք, որ այս միջոցառումները նույնպես կնպաստեն ճգնաժամի բացասական ազդեցության մեղմանը», ասել է վարչապետը: