22 մայիսի 2009 - 00:47 AMT
Ավելի քան 200 փաստաբաններ իրենց իրավունքների ոտնահարման դեպքում կլքեն դատական նիստերը
Հայաստանի Փաստաբանների պալատը հայտարարում է, որ ՀՀ դատարաններում մի շարք դեպքերում փաստաբանների վրա ճնշում է գործադրվել, եւ դա նրանց ստիպում է բանավեճի մեջ մտնել դատախազների եւ դատավորների հետ: Հաշվի առնելով բարձրացված խնդիրը` Հայաստանի Փաստաբանների պալատը ստեղծել է խումբ, որի մեջ մտել են Արա Զոհրաբյանը, Կարեն Մեջլումյանը եւ Հայկ Ալումյանը:
Մամլո ասուլիսի ժամանակ աշխատանքային խմբի համակարգող Արա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ դրան նպաստում է ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, եւ դրա հիման վրա փաստաբանների նկատմամբ չորս քրեական գործ է հարուցվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով: «ՀՀ ՔՕ 353 հոդվածի 1-ին մասում հստակ արձանագրված է, որ «դատական նիստերի դահլիճը լքելը եւ փաստաբանի կողմից այլ գործողությունները, որոնք խոսում են դատարանի նկատմամբ կողմնապահ վերաբերմունքի մասին, պատժվում են տուգանքով կամ մեկ ամսից ոչ ավել ժամկետով ձերբակալմամբ»,- նշել է Արա Զոհրաբյանը:
Փաստաբանները դիմել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինս Սահմանադիր դատարան հարցում ուղարկեր, թե որքանով է վերոհիշյալ հոդվածը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Բացի դրանից, ավելի քան 200 փաստաբաններ որոշում են ընդունել իրենց իրավունքների ոտնահարման դեպքում լքել դատական նիստերը: «Տեսնենք, 200 փաստաբանների նկատմամբ մեղադրանքներ հարուցվելու են, թե ոչ»,- ընդգծել է Արա Զոհրաբյանը: