Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Այցի ընթացքում լրագրողներին թույլ չի տրվել մոտենալ պաշտոնյաներին կամ հարցեր ուղղել։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել է, մինչև կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ հեռացել են պանթեոնից, հայտնում է «Ազատությունը»։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ինչպես նաև ծաղկեպսակ տեղադրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում շեշտել է, որ Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում են մնալ երկրի առաջնահերթություններից մեկը։
«Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ», - ասել է նախագահը։
Նա նաև դիմել է զինծառայողներին՝ բարձր գնահատելով նրանց անձնվիրությունն ու արիությունը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ուղերձում նշել է, որ երկրի առջև կանգնած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում բանակի հզորացումը հրամայական է։
«Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը», - ընդգծել է կաթողիկոսը։
Նա նաև ավելացրել է. «Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար»։