22 մայիսի 2009 - 17:43 AMT
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն առավել վտանգվածն է
Գյուղատնտեսությունը, այս ոլորտի առանձնահատկություններից ելնելով, Հայաստանում ամենից վտանգված բնագավառն է, լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Վտանգավոր ոլորտներն իսկապես միշտ ֆինանսավորել են բարձր տոկոսադրույքով, դրան գումարվել է նաեւ տնտեսական ճգնաժամը»,- ասել է նա:

Մինասյանի խոսքերով, գյուղատնտեսության վարկավորումը բարձր տոկոսադրույքով, մասնավորապես, վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսավորումն այս ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ չի ստեղծի: Նա նշեց, որ այս տեսանկյունից հնարավոր են որոշակի խնդիրներ` կապված վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների համար դրամական միջոցներ ձեռք բերելու հետ գյուղատնտեսական արտադրանք գնելու համար:

Ինչ վերաբերում է հարկային վճարումներին, ապա մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, մանր ֆերմերային ձեռնարկությունները չեն գտնվում հարկերի ծանր բեռան տակ, իսկ ինչ վերաբերում է վերամշակվող արդյունաբերության ձեռնարկություններին, այստեղ հնարավոր են որոշակի միջոցառումներ` ուղղված նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: «Մասնավորապես, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում կառավարությունը տրամադրում է երաշխիքներ, ֆինանսավորում կամ բաժնետեր է դառնում: Այնպես որ, կառավարության ուշադրության կենտրոնում գտնվում է նաեւ գյուղատնտեսությունը»,- ավելացրել է Մինասյանը: