22 մայիսի 2009 - 18:23 AMT
Հրազենային վնասվածքներ ստացած Մասիս Նիկոյանն ի վիճակի չէ ցուցմունքներ տալ
Մայիսի 21-ին, ժամը 12.20-ին, Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց գլխի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Մասիս Նիկոյանը: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Ոստիկանության պաշտոնական կայքում, հանցանքը կատարվել է Մ. Խորենացու փողոցում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 6.35 մմ տրամաչափի փամփուշտի չորս պարկուճ մեկ գնդակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ Ոստիկանության մամլո քարտուղար Սայաթ Շիրինյանը, կատարվածի հանգամանքները պարզվում են: «Տուժածը խիստ ծանր վիճակում է գտնվում եւ ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ հաղորդում տալու»,- նշել է նա: