4 փետրվարի 2025 - 10:29 AMT
«Չենք վճարելու» նախաձեռնությունը տրանսպորտի սակագների դեմ ուսանողական բոյկոտի կոչ է արել

«Չենք վճարելու» նախաձեռնությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուսանողական բոյկոտի կոչ է արել։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Սիրելի ուսանողներ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարը նոր թափ է հավաքում։ Հանրային տրանսպորտից օգտվող բազմահազար քաղաքացիներ բոյկոտում և չեն վճարում բոլորիս պարտադրված ու անհիմն սակագները։

Փետրվարի 4–ին հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ։ 09:30-ից բոլորս հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մոտակայքում և միահամուռ կերպով բոյկոտում այս անհիմն սակագները։

Ընդամենը 100 դրամ և էական գնիջեցումներ տոմսային փաթեթներում։ Չենք վճարելու, և վերջ»,–ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: