Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը կախված չէ Վաշինգտոնում իշխող քաղաքական թիմից կամ ուղղակիորեն ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական տարաբնույթ գործոններից։Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ 2025–ի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթն ունի ինչպես կարևոր քաղաքական, այնպես էլ գործնական նշանակություն, իսկ երկկողմ ռազմավարական երկխոսության ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել հենց ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ ադմինիստրացիայի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանը և ԱՄՆ–ն 2019 թվականին արդեն իսկ բարձրացրել էին հարաբերությունների մակարդակը և աշխատում էին ռազմավարական երկխոսության ֆորմատի շրջանակներում։ Եվ անցած տարի հունիսին այդ երկխոսության շրջանակներում որոշում ընդունվեց բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի և ստեղծել ռազմավարական գործընկերության հանձնաժողով։ Դրան նախորդել էին համապատասխան աշխատանքային խմբերի հանդիպումներ, թերևս, 2023–ին, և ամբողջ ամառվա ընթացքում ունեցանք տարբեր պատվիրակությունների աննախադեպ այցելություններ՝ սկսած ապակենտրոնացված համագործակցությունից, կոնգրեսական մի քանի այցելություններ էին տեղի ունեցել և այլն։
Իսկապես, դրա կուլմինացիան, դրա վերջնակետը եղավ Վաշինգտոնում այդ փաստաթղթի՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, որը ֆորմալիզացնում է հարաբերությունների մակարդակի բարձրացումը»,–ասել է փոխնախարարը։
Նա նշել է, որ փաստաթղթում նշված է հիմնական 4 ուղղություն, որոնցով պետք է խորացվի համագործակցությունը։
«Դա տնտեսական համագործակցությունն է՝ այնտեղ նոր հնարավորություններ են բացվում թե՛ առևտրի դիվերսիֆիկացիայի առումով, թե՛ Հայաստանի դիմադրողականությանն աջակցելու առումով։
Անվտանգության և պաշտպանության ոլորտն է կարևոր․ անցած տարի և նախանցած տարի ունեցանք համատեղ զորավարժություններ։ Ստորագրման ժամանակ նշվեց նաև Միացյալ Նահանգների աջակցությունը, օժանդակությունը սահմանների վերահսկման մեր կարողություններին, և մի շարք այլ ուղղություններով աջակցությունն էլ ավելի կավելացվի Միացյալ Նահանգների կողմից։
Երրորդ ուղղությունը ժողովրդավարության, արդարադատության ոլորտներն են։ Միացյալ Նահանգները միշտ եղել է մեր կարևոր գործընկերներից մեկն այդ առումով, և աջակցությունը Հայաստանին երկար տարիների գործընթաց է։
Վերջին ուղղությունը՝ մարդկանց միջև շփումներն են՝ հումանիտար, կրթական, մշակութային և այլ ծրագրերի մասին է խոսքը, որոնք նույնպես կարևոր են 2 երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների կոնտեքստում»,–ասել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ փաստաթուղթն ունի թե՛ կարևոր քաղաքական, թե՛ պրակտիկ նշանակություն։
«Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչու՞ գնացող ադմինիստրացիայի հետ․ գիտե՞ք, ռազմավարական այդ երկխոսությունը, ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ, և այս գործընթացները կապ չունեն Վաշինգտոնում քաղաքական թիմի, այս կամ այն թիմի ներկայության հետ․ սրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են, որոնք ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից։
Հակառակը, հարաբերությունների՝ այս մակարդակի բարձրացումը թույլ կտա նոր ադմինիստրացիայի հետ մեր գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք, շատ ավելի առաջընթաց դիրքերից։ Հայտնի է, որ վերջին՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում Վաշինգտոնում ստեղծվել էր անցումային թիմ, և, իհարկե, բոլոր արտաքին և կարևոր այլ հարցերի շուրջ թե՛ գնացող ադմինիստրացիան, թե՛ նոր ադմինիստրացիան կոորդինացում ունեին, և բնական է, որ նման փաստաթղթերի ստորագրումը կոորդինացվել է նաև նոր ադմինիստրացիայի հետ։
Այնտեղ նաև ընդունվեցին մի շարք այլ որոշումներ․ դա էներգետիկայի բնագավառում բանակցությունների մեկնարկն է, որի շուրջ բանակցություններն, իհարկե, արդեն տեղի կունենան նոր ադմինիստրացիայի հետ, և, բնականաբար, դրանք համաձայնեցվել են։
Հայաստանը նաև միացավ «Իսլամական պետության» դեմ ալյանս կառույցին, որը միշտ եղել է ահաբեկչության դեմ մեր համատեղ պայքարի կարևոր ուղղություններից մեկը, և վստահ ենք՝ նոր ադմինիստրացիայի հետ նույնպես այդ համագործակցությունը կզարգանա։ Այնպես որ, այս քայլն ուղղված էր նոր ադմինիստրացիայի հետ շատ ավելի ամուր հիմքերի վրա մեր համագործակցությունը շարունակելուն․ նաև վարչապետի այց կա Վաշինգտոն, և կարծում եմ, որ այդ բոլոր ջանքերի շնորհիվ կշարունակենք անցած տարվա այդ աննախադեպ դինամիկան»,–ասել է փոխնախարարը։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։