ԱԺ–ում հյուրընկալել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց այցելությունների կազմակերպման, նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի դատավարությունների, ինչպես նաև մարդասիրական բնույթի այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ հանդիպմանն ասել է, որ ակնկալվում է, որ կառույցն ապագայում ևս կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ գերիների ու այլ պահվող անձանց անվտանգությունն ապահովելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։
Փետրվարի 3-ին կայացած քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
«Իմ կարծիքով ձեր կազմակերպությունը, լինելով չեզոք և անկախ միջնորդ, պահպանելով նաև գաղտնիությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։
ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։