Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին անդամ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը քննադատության է արժանացել Հայաստանում մի հաղորդման ժամանակ արված իր վերջին հայտարարությունների համար։
Փայլանն ասել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»:
Թուրքական և ադրբեջանական որոշ կազմակերպություններ անընդունելի են համարել նրա այս հայտարարությունը, հայտնում է Ermenihaber–ը։
Ամենակոշտ արձագանքը եկել է Թուրքիայի ադրբեջանական միություններից։ Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի (TADEF) խոսնակ և Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության (İSTAD) նախագահ Սեֆեր Կարակոյունլուն խիստ դատապարտել է Փայլանի մեկնաբանությունները։
«Մենք դատապարտում ենք Կարո Փայլանին պատերազմական հռետորաբանության համար։ Երբ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, նման հայտարարությունը թուրքերի դեմ թշնամանքից բացի ոչինչ չէ։ Մենք պահանջում ենք Փայլանին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և ենթարկել ամենախիստ պատժի», - հայտարարել է Կարակոյունլուն։
Նա նաև ընդգծել է, որ «ատելությամբ, թշնամանքով և պատերազմական հռետորաբանությամբ լի նման հայտարարություն անելը ցավալի է»։ Նա Փայլանի խոսքերը համեմատել է «իմպերիալիստական քարոզչության» հետ և ասել, թե «1988 թվականին տեղահանված ադրբեջանցիները շուտով կվերադառնան իրենց հողերը, և Կովկասում խաղաղություն ու կայունություն կհաստատվի»։
Մինչդեռ ՀՀ–ում Կարո Փայլանի հասցեին թուրքական քարոզչություն անելու մեղադրանքներ են հնչել։ Նա ասել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ «թուրքերը նորից կմորթեն հայերին»։