Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը։
Փետրվարի 4-ին Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» կայացած հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բաձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված երկու տասնյակից ավելի դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարարական գործիչներ և հունահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը:
Մկրտչյանը նշել է, որ Հայոց բանակը հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և անկախության կարևորագույն գործոններից մեկը և որքան ինքնաբավ և ուժեղ է բանակն, այդքան ուժեղ և ինքնաբավ է պետությունը»: Նա ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ծրագրերը նպատակ ունեն բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը:
Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների ու Գլխավոր շտաբերի միջև հաստատված ամուր կապերին, որոնք տարիների ընթացքում ընդլայնվել են՝ ներառելով բարձր մակարդակի հանդիպումներ, զորավարժանքներ ու վերապատրաստման ծրագրեր: Այս համատեքստում նա առանձնացրել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև այն փաստին, որ հայկական զինված ուժերի զինծառայողները տարիներ շարունակ ռազմական կրթություն են ստանում Հունաստանի ռազմական ակադեմիաներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի Գլխավոր շտաբին և ԱԳՆ-ին՝ Հայաստանի խնդրանքին ընդառաջելու և հյուսիսային ու հյուսիս-արևելյան շրջաններում հեղեղումներից վնասված հատվածների համար երեք կամուրջ տրամադրելու համար:
Իր խոսքում դեսպանը հիշատակել է 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանին, ով ավարտել էր Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիան, ինչպես նաև 1994 թվականին զոհված Արմեն Սաղոյանի ընտանիքի կորուստը՝ կարևորելով նրանց հարազատների ներկայությունը միջոցառմանը:
ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանն իր խոսքում շեշտել է ռազմական կրթության դերն ու նոր համագործակցությունների ձևավորումը, որոնք ուղղված են ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված ուղենիշների իրագործմանը:
Նա կարևորել է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Հունաստանի ներդրումը Հայաստանի ռազմական համակարգի բարեփոխումների գործընթացում՝ համագործակցությունը որակելով որպես «համագործակցություն առանց սահմանների, որտեղ «ոչ» բառը գրեթե բացակայում է»:
Հայոց բանակի կազմավորման օրը նշվում է հունվարի 28–ին։