Ստեփանակերտի Սարոյան փողոցն ամբողջությամբ թալանվել է ադրբեջանցիների կողմից։ Քանդվում են տները, այդ թվում նաև դեպի Ալեք Մանուկյանի փողոց տանող հատվածը, որը մի ամբողջ թաղամաս է կազմում: Այդ մասին հայտնել և տեսանյութ է տարածել Mountains of Karabakh տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ ադրբեջանցիները քանդում և ավերում են օկուպացված Ստեփանակերտի շենքերն ու շինությունները՝ դրանք հողին հավասարեցնելով։
Ավելի վաղ ադրբեջանցիները քանդել են Թումանյանի և Տիգրան Մեծի պողոտաները։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։