Երևանի մետրոպոլիտենի վագոններին վնաս հասցնելու և հասարակական կարգը խախտելու մեջ կասկածվող օտարերկրացիները կալանավորվել են։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասել է, որ 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նրանցից չորսը՝ ՌԴ քաղաքացի են, մեկը՝ Լիտվայի։
Փետրվարի 1-ին ժամը 21:32-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու: