23 մայիսի 2009 - 00:08 AMT
Մոսկվան չի պատրաստվում վավերացնել եվրոպական Էներգետիկ խարտիան
Ռուսաստան- ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի էր ունեցել Խաբարովսկում, կողմերն առաջխաղացում ձեռք չեն բերել քննարկվող թեմաներից եւ ոչ մեկի առնչությամբ: Ինչպես գրում է VOA News-ը, Խաբարովսկի հանդիպման հիմնական խնդիրները եղել են էներգետիկ քաղաքականությանն ու Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների ապագային վերաբերող հարցերը: Ռուս պաշտոնատար անձանց խոսքերով, Մոսկվան չի պատրաստվում վավերացնել եվրոպական Էներգետիկ խարտիան եւ կոչ է անում վերջինիս նոր տարբերակ մշակել:

Դմիտրի Մեդվեդեւը Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինային օգնություն ցույց տալ ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարման համար վարկի տեսքով: Երբ նախորդ ձմեռ Ռուսաստանը դադարեցրել էր գազի մատակարարումն Ուկրաինային վճարման շուրջ ծագած խնդրի պատճառով, եվրոպական սպառողները բախվել էին էներգետիկ ճգնաժամի, ինչը հիմք էր հանդիսացել Եվրամիության համար կասկածելու ռուսական մատակարարումների հուսալիությանը: Այսօր Մոսկվայում որոշ պաշտոնատար անձինք կասկած են հայտնում Ուկրաինայի վարկունակության առնչությամբ, ինչը կրկին կարող է հանգեցնել գալիք ձմեռ Եվրոպա գազի մատակարարման խաթարումների: