23 մայիսի 2009 - 00:13 AMT
Դաշնակցությունն առաջարկում է մայրաքաղաքի բարոյական եւ ֆիզիկական մաքրման ծրագիր
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն իր ծրագիրը նախապատրաստել էր, երբ դեռեւս կոալիցիայում էր, թեեւ այժմ նախընտրական քարոզարշավին մասնակցում է որպես ընդդիմադիր ուժ», - նշել է ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրություններին մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Որոշ քաղաքական ուժեր համարում են, որ ընտրությունները քաղաքականացված են ավելի շատ, քան անհրաժեշտ է, մյուսներն ընդհանրապես դա հերքում են եւ պնդում, որ մեզ սպասվում են զուտ վարչական ընտրություններ: Դաշնակցությունը համարում է, որ ընտրությունները քաղաքականացված են այնքանով, որքանով քաղաքականացված են ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենք», - հայտարարել է Ռուզան Առաքելյանը:

Նա նաեւ նշել է, որ Երեւանում ամենատարբեր ոլորտներում բավականաչափ շատ խնդիրներ գոյություն ունեն, եւ կուսակցությունը, առաջիկա ընտրությունների քաղաքականացվածությունը քննարկելու փոխարեն, մտածում է այդ խնդիրների լուծման մասին: «Դաշնակցությունն առաջարկում է մայրաքաղաքի բարոյական եւ ֆիզիկական մաքրման ծրագիր», ասել է Ռուզան Առաքելյանը: