13 փետրվարի 2025 - 15:22 AMT
Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի

Եկամտի հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների համար սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի։ Գործադիրը որոշում է կայացրել։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ պետությունը տարեկան մինչև 100,000 դրամով կփոխհատուցի նաև երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մարզադպրոցների համար կատարված ուսման վարձավճարները, ատամնաբուժական ծառայությունների ծախսերը։

Նախարարի խոսքով՝ եկամտային հարկից փոխհատուցում ստանալու հնարավորությունը կգործի նաև 2024թ. համար՝ հետադարձ ուժով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, նշել է, որ մինչ այժմ քաղաքացիներն ունեցել են սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորություն մանկապարտեզների, դպրոցների, բուհերի ուսման վարձերի, ինչպես նաև առողջապահական ապահովագրության դեպքում։

«Այժմ, կառավարության կողմից սահմանված ուղղություններով ծախսեր անելու դեպքում մարդիկ, հայտարարագիր ներկայացնելուց հետո, իրենց՝ այդ ուղղությամբ արած ծախսերից կարող են ետ ստանալ մինչև 100.000 դրամ»,–ասել է նա

Փաշինյանը հավելել է, որ «խոսքը միայն ու միայն աշխատած և եկամտահարկ վճարած քաղաքացիների մասին է»։

Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջին, ասել էր, որ լրացվող հայտարարագրերի հիման վրա հնարավոր է, որ սոցիալական կրեդիտների միջոցով քաղաքացիներին վերադարձվի մինչև 70 մլրդ դրամ՝ գրեթե 200 մլն դոլար։