Ադրբեջանը մշտապես հետևողականորեն ոչնչացրել է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո այդ քաղաքականությունը դարձել է առավել լայնածավալ։
Վերջին շրջանում ևս ադրբեջանցի վանդալները շարունակել են Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացումը, հայտնում է Արմենպրեսը։
Շուշիում վնասվել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղում հիմնովին ավերվել է Սուրբ Սարգիս եկեղեցին, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։
Ադրբեջանի իշխանությունների ցուցումով հետևողականորեն ոչնչացվում են հայկական պատմական հուշարձանները կամ ներկայացվում որպես ոչ հայկական։ Այս քաղաքականությունը կրկնում է Նախիջևանի օրինակն, որտեղ ամբողջովին ոչնչացվել են հայկական եկեղեցիները, խաչքարերը և արձանագրությունները։
Վանդալիզմի վերջին դեպքերից է Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, որի գմբեթից ադրբեջանցիները հանել են խաչը՝ ցուցադրելով այդ գործողությունը Experience Azerbaijan աքաունթի միջոցով։
Քարվաճառի շրջանի Ծար գյուղում ադրբեջանական շինարարական աշխատանքների հետևանքով խախտվել է Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցվածքը, հանվել են խաչքարերը և արձանագրություններով քարերը։
Վնասվել է նաև Ստեփանակերտի Անդրանիկի փողոցի հուշարձանը։
Քաշաթաղի շրջանում՝ Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, ադրբեջանցիները հեռացրել են խաչերը Զորախաչ եկեղեցուց, ինչը պատմական ժառանգության խեղաթյուրում է։
Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Բաղրամյանի, Ստեփան Շաումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ալեք Մանուկյանի և Իվան Իսակովի հուշարձանները։
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են վանդալիզմի պետական քաղաքականությունը, մինչդեռ միջազգային հանրությունը դեռևս չի ձեռնարկել որևէ գործուն քայլ՝ այս գործընթացը կանխելու համար։
Այս իրողությունը փաստագրման կարիք ունի, որպեսզի համապատասխան միջազգային կառույցները կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կանգնեցնելու հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։