Հայաստանում գտնվող Եվրոպական Միության փորձագիտական առաքելությունը հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչների հետ՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման համատեքստում։
Առաքելության շրջանակում ԵՄ պատվիրակությունը մեկնել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր՝ տեղում ծանոթանալու մաքսային մարմինների աշխատանքին։
Ծրագրի համաձայն՝ պատվիրակությունը նախատեսում է նաև այցելել «Զվարթնոց» օդանավակայան։
«Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային վարչարարության ռազմավարական հիմնական ուղղությունները, իրականացված բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։
Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։