ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ–ին անդամակցության գործընթացի մեկնարկը, ասել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են բնակչությանը պարզաբանել իրենց ձեռնարկած քայլերի բոլոր հետևանքները։
«Խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է և Ռուսաստանը չի վիճարկում այն։ Սակայն հենց Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Մոսկվան կամ ԵԱՏՄ-ն, որ պարտավոր են բնակչությանը պարզաբանել իրենց ձեռնարկած քայլերի բոլոր հետևանքները»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Զախարովան հավելել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցությունը կարգավորող նորմատիվ իրավական հիմքերն ու սակագնային մեխանիզմները միմյանց բացառող են, և այս դեպքում խոսքը քաղաքական նախապատվությունների մասին չէ։
«Այս խնդրի քննարկումից խուսափելու, այն անտեսելու և այս կարևոր նրբությունը չնկատելու փորձերն ուղղակի իրականության մերժում է և, հնարավոր է, որոշ չափով ապատեղեկատվություն նրանց համար, ում առաջարկում են համապատասխան որոշումներ ընդունել», — ասել է Զախարովան։
Հայաստանի խորհրդարանn առաջին ընթերցմամբ հաստատել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր՝ բոլորը՝ իշխող խմբակցությունից, իսկ 7-ը դեմ են արտահայտվել։