14 փետրվարի 2025 - 19:00 AMT
Նախագահը կարձագանքի ուսանողների հանրագրին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է համազգային շահերի հստակեցման վերաբերյալ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված հանրագիրը։ Այդ մասին հայտնել են նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ հանրագիրը մուտքագրվել է, նախագահը կարձագանքի, գրում է «Փաստինֆոն»։

Փետրվարի 13-ին մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ։

«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։

Մեր հանրագրով պահանջում ենք․

Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։

Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։

Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։ Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լին,- նշված է հանրագրում։

Նման հանրագրի պահանջով ավելի վաղ հանդես էր եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։