18 փետրվարի 2025 - 18:07 AMT
Հայրիկյան․ 2-3 ամիս հետո կարող ենք ունենալ ընտրություններ, նոր սահմանադրությամբ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարել է, որ երկրում հնարավոր են արտահերթ ընտրություններ, որոնք թույլ կտան սահմանափակել վարչապետի լիազորությունները՝ նոր սահմանադրության միջոցով։

«Մեր դժգոհությունների աղբյուրը չպետք է մեզ միավորի, այլ՝ այդ դժգոհությունները հաղթահարելու մեր միասնական ցանկությունը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, և եթե քաղաքացիները միանան, ապա հնարավորություն կունենան համաշխարհային հանրությանը ցույց տալու, որ Հայաստանում առկա է դժգոհություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հայրիկյանի խոսքով՝ դա կփաստի, որ միջազգային հանրությունը սխալվում է, երբ պնդում է, թե «Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։

«Նրանք կասեն, այն Նիկոլն էր և նրա հետ մենք գործ չունենք, մենք գործ ունենք ՀՀ-ի հետ»,- ասել է Հայրիկյանը։

Նա հավելել է, որ հետագա քայլերն արդեն մշակված են, սակայն դրանք կախված են քաղաքացիների ներգրավվածության աստիճանից։ Նրա կարծիքով՝ եթե մարդիկ իսկապես ցանկանում են ազատվել այս իշխանություններից, ապա պետք է գործեն անմիջապես, այլապես երկրին սպասվում է տխուր ապագա։

«Ես զգացի, որ երբ մարդիկ դժգոհում են այսօրվա իշխանություններից, իրականում՝ էնքան էլ չեն դժգոհում»,- նշել է ԱԻՄ նախագահը։

Հայրիկյանն ընդգծել է, որ եթե հասարակությունն այս իշխանություններին վատն է համարում, ապա անիմաստ է մեկ տարի սպասել հերթական ընտրություններին։

«Ժամը 5-ին Հանրապետության հրապարակում մեր հավաքականությամբ կսկսենք մի գործընթաց, որն ամենաուշը մինչև այս ամսվա վերջ պետք է արդյունք տա»,- հայտարարել է Հայրիկյանը՝ շեշտելով, որ այս արդյունքը չի նշանակում պարզապես վարչապետի փոփոխություն։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համակարգային լուծում՝ «մինչև վերջին կետը մշակված նրբերանգների պահպանմամբ»։

«Հավատացնում եմ՝ երկու, ամենաուշը՝ երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որը մեզ հնարավորություն կտա խելապակաս վարչապետ ունենալու դեպքում, ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի միջոցով նրան զսպելու կարողականություն»,- ասել է Հայրիկյանը։

Նա հավելել է, որ հակառակ դեպքում գործադիր իշխանությունը կարող է վերահսկողություն սահմանել խորհրդարանի վրա։

Նա նաև նշել է, որ առաջիկայում պատրաստվում է անել կարևոր բացահայտումներ։