23 մայիսի 2009 - 16:38 AMT
Հայաստանի Պետական կամերային նվագախումբը շարունակում է համերգաշարը հանրապետության քաղաքներում
Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ եւ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ շարունակում է համերգաշարը հանրապետության տարբեր քաղաքներում:

Այս տարի իր մեջ 6 համերգներ ներառող համերգաշարը մեկնարկել է Վանաձորում, իսկ եզրափակիչ համերգը տեղի է ունենալու հունիսի 5-ին Գավառում:

«Հայաստանի մարզերում դասական երաժշտության համերգները Հայաստանի Պետական կամերային նվագախմբի համար շատ կարեւոր են: Մեզ համար հավասարապես կարեւոր են համերգները մեր երկրի քաղաքներում եւ ցանկացած եվրոպական երկրում: Մենք մեծ խաղացանկ ունենք, ինչը մեզ լավ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքում հանդես գալ նոր ծրագրով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի մարզերում հանդիսատեսը պակաս կիրթ չէ, քան մայրաքաղաքում, եւ պատրաստ է հասկանալ դասական երաժշտությունը եւ չնայած դրան, Հայաստանի շատ քաղաքներում ավելի քան 10 տարի չի հնչել դասական երաժշտություն պրոֆեսիոնալ, կենդանի կատարմամբ:

«Հայաստանի բնակչությանը պետք է հնարավորություն տալ շփվել բարձր արվեստի հետ, եւ դրանից հետո ոչ ոք չի պնդի, որ մարդկանց պետք է այն հակամշակույթը, որն ամեն րոպե տրամադրվում է բոլորին եւ յուրաքանչյուրին»,- եզրափակել է Արամ Ղարաբեկյանը: