Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, բանաձև է ընդունել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին»: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար», –գրել է նա։
Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր հերթին հայտնել է, որ բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները։
«Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը, նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն»,- ասվում է գրառման մեջ։