23 մայիսի 2009 - 18:49 AMT
Հայաստանում հայտարարվել է Բուլղարական մշակույթի տարի
Մայիսի 29-ից հունիսի 4-ը Բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում Հայաստանում տեղի կունենան մի շարք համերգներ: Երկու երկրների մշակույթի նախարարությունները մշակութային ծրագիր են իրագործում Բուլղարիայի հայտնի ազգային եւ դասական պարային համույթների մասնակցությամբ:

Գալա-համերգը տեղի կունենա մայիսի 30-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում: Նույն օրը Հայաստանի Ճարտարապետների տանը բացվելու է «Բուլղարիայի եկեղեցիները եւ սրբավայրերը» խորագրով ֆոտոցուցահանդես:

Մայիսի 31-ին Դիլիջանում եւ Վանաձորում տեղի կունենա «Արաբեսկ» բալետային խմբի, «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախմբի, «Բաբուշկի Բիստրիցի» ազգային համույթի եւ «Նայդեն Կիրով» ազգային թատրոնի համերգը:

Համույթների ելույթը հունիսի 1-ին կտեսնեն Գյումրիում եւ Արմավիրում, մեկ օր անց` Երեւանի Պարոնյանի անվան Պետական կոմեդիայի թատրոնում: