ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրամիության գործընկերության խորացման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ ներառյալ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսությունը։
Միրզոյանը շեշտել է փոխգործակցության ու ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը մի շարք ոլորտներում, որոնք ներառում են ժողովրդավարական բարեփոխումները, ենթակառուցվածքների զարգացումն ու դիմակայունության ամրապնդումը։
Երկու երկրների արտգործնախարարները գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության ակտիվ զարգացումը և մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ։
Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։