25 մայիսի 2009 - 12:00 AMT
Ադրբեջանը դեմ է դուրս եկել ԻԿԵ-ին Կոսովոյի հարցում
Ադրբեջանը ձախողել է Կոսովոյի անկախության ճանաչումն Իսլամական Կոնֆերանսի կազմակերպության կողմից: Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Սաուդյան Արաբիայի առաջարկած` մահմեդական երկրների կողմից Կոսովոյի ճանաչման վերաբերյալ նախագիծը, չի ընդունվել Դամասկոսում` ԻԿԵ-ի ԱԳՆ-ների Խորհրդի նիստում:

Արաբական մամուլն ընդգծում է, որ վերջերս Ադրբեջանը դիմադրում էր Կոսովոյի ընդունմանը Արժույթի միջազգային հիմնադրամին: «Սերբիան բավարարված է Ադրբեջանի դիրքորոշմամբ»,-հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, հաղորդում է Inews.az-ը:

Ներկայումս Կոսովոն ճանաչել է 60 երկիր, այդ թվում ԻԿԵ-ի 57 անդամներ: Սաուդյան Արաբիան Միացյալ Արաբական Էմիրություններից հետո երկրորդ արաբական պետությունն է, որը ճանաչել է Սերբիայի մարզի անկախությունը:

Սերբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ այն ազդեցությունն, որն ունի Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում, կարող է Կոսովոյի ճանաչման նոր ալիք առաջացնել: Ըստ սերբական իշխանությունների, վերջին ամիսներին Կոսովոյի ներկայացուցիչներն ակտիվացրել են իրենց ջանքերն արաբական ուղղությամբ, հույս ունենալով, որ մահմեդական համերաշխությունը նոր հիմք կհանդիսանա անկախության ճանաչման համար: