25 մայիսի 2009 - 15:21 AMT
Արա Աբրահամյան. ՌՀՄ-ն մտադիր է փոխել իր մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին
Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) եւ Հայերի համաշխարհային կոնգրեսը (ՀՀԿ) շարունակում է աջակցել Հայաստանի գիտության եւ մշակույթի զարգացմանը եւ սատարում է այդ ոլորտների ներկայացուցիչների նախաձեռնություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌՀՄ ու ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: «Մեր կազմակերպությունների ստեղծումից ի վեր, մենք մի շարք ծրագրեր ենք իրագործել` ուղղված գիտության եւ մշակույթի զարգացմանը: 2007թ. ի վեր ՀՀԿ-ն ՀՀ Գրողների ու լրագրողների միության հետ միասին կազմակերպում է մրցանակաբաշխություն լավագույն ստեղծագործությունների համար: 2008թ. դրան միացել է նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, նկարիչների միությունը, կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունները»,-նշել է Արա Աբրահամյանը:

Այս տարի անվանակարգերը հետեւյալն են` «Հայը 21-րդ դարասկզբին», «Հայաստանը համայն հայության հայրենիքն է», «Լավագույն գիտական աշխատանք», «Հայաստանը եւ հայաստանցիները նկարչի աչքերով», «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական նվաճումները»:

Ինչպես հաղորդել է Ա.Աբրահամյանը, մայիսի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա պարգեւների հանդիսավոր հանձնումը: «Հաղթողներին կհանձնվեն ՌՀՄ-ի դիպլոմներ, ինչպես նաեւ դրամական պարգեւներ: Բացի այդ, Հովհաննես Չեքիջյանն ու Ջիվան Գասպարյանը կպարգեւատրվեն ՌՀՄ-ի «Ոսկե խաչ» մեդալներով»,-հայտարարել է Ա.Աբրահամյանը: Նա հավելել է, որ 2010 թվականին լրանում է ՌՀՄ-ի 10 տարին եւ այդ հոբելյանը ՌՀՄ-ն մտադիր է նշել հանդիսավոր համերգով Ռուսաստանում:

«Մեր կազմակերպությունը շուտով 10 տարեկան կդառնա: Այս կապակցությամբ ՌՀՄ-ն մտադիր է փոխել իր մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես, Հայաստանում ստեղծվեց սփյուռքի նախարարություն, մի գերատեսչություն, որի հետ մենք քննարկում ենք մեր ընդհանուր խնդիրները եւ ներկայացնում ենք մեր դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ»,-ասել է Ա.Աբրահամյանը: