Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը նոր տեղեկություններ է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ, չնայած հիվանդության լրջությանը, նկատվել է որոշակի բարելավում։
Հաղորդագրության համաձայն, փետրվարի 24–ին Պապի մոտ նոր շնչառական խնդիրներ չեն առաջացել, իսկ լաբորատոր որոշ վերլուծություններ դրական փոփոխություններ են ցույց տվել։ Նրա թեթև երիկամային անբավարարությունը շարունակում է վերահսկվել, սակայն մտահոգիչ չի համարվում։ Թթվածնային թերապիան շարունակվում է, գրում է Vatican News-ը։
Հաշվի առնելով նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը՝ բժիշկները շարունակում են զգուշավոր լինել կանխատեսումներում։
Առավոտյան Պապը ստացել է հաղորդությունը, իսկ կեսօրին վերսկսել է աշխատանքը։ Երեկոյան նա զանգահարել է Գազայի ծխական քահանային՝ արտահայտելով իր հոգևոր աջակցությունը։
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել բոլոր հավատացյալներին, ովքեր այս օրերին աղոթում են իր առողջության համար։ Հայտնի է դարձել, որ Գազայի Սուրբ Ընտանիքի ծխական համայնքն ուղարկել էր տեսաուղերձ, ինչի պատասխան Պապը զանգահարել է նրանց՝ իր երախտագիտությունը հայտնելու համար։
Միևնույն ժամանակ, Վատիկանը հերքել է ֆրանսիական լրատվամիջոցի տարածած լուրերը, ըստ որոնց՝ Հռոմի Իսոլա Տիբերինա – Ջեմելի Իսոլա հիվանդանոցում նախատեսվում է բնակարան տրամադրել Հռոմի Պապին։ Վատիկանը պարզաբանել է, որ նշված բնակարանը նախատեսված է մասնավոր հիվանդների համար և կապ չունի Պապի տեղափոխության հետ։