Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանը, հայտնել է, որ որոշվել է մեկ ամիս անց նոր քննարկում անցկացնել։
Քոչարյանն ընդգծել է, որ քննարկումների արդյունքում արդեն իսկ եղել են ծնողներ, ովքեր նույնականացրել են իրենց զավակների մասունքները և հուղարկավորել, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ասեմ ձեզ, որ քննարկումից, լսումներից հետո եղել են ծնողներ, որոնք նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են և հուղարկավորել են, դա արդյունք չի՞, կարծում եմ՝ արդյունք է», – նշել է նա։
Քոչարյանը նշել է նաև, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կներկայացվի, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն՝ դա կմտնի լիագումար նիստերի օրակարգ և կլինի փակ նիստ։
«Մենք կազմեցինք տեղեկանք առաջին քննարկման մասին, որը ուղարկվեց հիմնական զեկուցողին: Դրան գումարած նաև այն բոլոր առաջարկները, որոնք արվել են զոհվածների և անհետ կորածների հարազատների իրավական խմբի կողմից, երկու կարևոր զեկույց է եղել, դրանք էլ մշակվել են և ներառվել են տեղեկանքի մեջ։
Դա ուղարկվել է արդարադատության նախարարին, ԱԱԾ տնօրենին, և նաև ծնողներին է տրվել: Մենք այս ժամանակը օգտագործում ենք բարձրացած հարցերի լուծումներին ընթացք տալու», – նշել է նա։
Նա հավելել է, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները հնարավորություն են տալիս որոշելու անհետ կորածների որոնման ուղղությունները։
«Մոտավորապես, 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, աշխատում են: Նաև հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ և պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է։
Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը կգտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի և այդտեղ հանգստություն կգտնի», – եզրափակել է Քոչարյանը։