27 փետրվարի 2025 - 18:16 AMT
ԶՈւ–ում կխթանվի սերժանտական համակարգի զարգացումը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է խթանել սերժանտական համակարգի զարգացումը:

Առաջարկվում է սահմանել գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության համապատասխան գործակիցներ։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարևորագույն նախադրյալ:

«Այդ նպատակով Կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը: ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը և կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաև ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև այդ պաշտոնների վարձատրության գործակիցները»,–ասվում է հիմնավորման մեջ։