Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, փետրվարի 27–ի դատական նիստում, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, որ Հայաստանը եղել է Արցախի երաշխավորը, և որ «փոքր Արցախը» չէր կարող ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը մինչև հակամարտության կարգավորումը։
Նա նաև հայտնել է, որ գտնվել է Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և մյուս նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ձգտել է հանդիպել Արայիկ Հարությունյանին՝ համոզելու նրան դիմել Հայաստանին՝ պատերազմը դադարեցնելու խնդրանքով։
Ղուկասյանը ընդգծել է, որ Արցախում «վարձկաններ չեն եղել, այլ միայն հայկական զինված ուժեր, որոնք ֆինանսավորվել են Երևանից»,–գրում է Minval.az-ը։
Նշվում է, թե Բակո Սահակյանը ասել է, որ իր իրավունքները նախաքննության ընթացքում չեն խախտվել, և նա կարող էր ազատ արտահայտել իր տեսակետը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «դատարանում քննվող հակամարտությունը քրեական և դատական վարույթի առարկա չէ, սակայն նա կասկածի տակ չի դնում դատարանի լիազորությունները»։
Արայիկ Հարությունյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա խնդրել է լրացուցիչ ժամանակ պատրաստվելու համար։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։
Դրանից հետո ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը, որը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները։
Այնուհետև հանդես է եկել Դավիթ Բաբայանը, որը նույնպես մերժել է մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ «չէր կարող կատարել մեղադրական եզրակացության մեջ նշված հանցագործությունները և չի տարածել ատելություն ադրբեջանական ժողովրդի նկատմամբ»։ Նրա խոսքով, «նա սիրում է իր ժողովրդին, բայց չի հանդիսանում ազգայնական»։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 3-ին։
Նախորդ դատական նիստում դատախազները ավարտեցին մեղադրական եզրակացության ընթերցումը։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։